Blog

, , ,

ՀԱՀ ԹԳՀԶԾ դասընթաց՝ ուղղված Վայոց ձորում զբոսաշրջության զարգացմանը

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Վայոց ձորի մարզում երկօրյա դասընթացի հաջող ավարտի մասին։ Դասընթացի նպատակը մարզում զբոսաշրջության ոլորտում ներգրավված անհատների հմտությունների և գիտելիքների բարելավումն էր, հատկապես՝ պրոդուկտի զարգացման և սոցիալական մեդիայի մարքեթինգի ասպարեզում։  Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կողմից ՀԱՀ բիզնես դպրոցի հետ համագործակցության շնորհիվ կազմակերպված դասընթացը Վայոց ձորի շահառուներին տրամադրեց զբոսաշրջությանը առնչվող և մասնագիտական ​​զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Հունիսի  24-ին և  25-ին անցկացված դասընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ԹԳՀԶԾ ծրագրի 18 շահառուներ։ Դասընթացը վարեց ՀԱՀ հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարման վկայագրի ծրագրի տնօրեն Զարմինե Զեյթունցյանը՝ մասնակիցների հետ կիսվելով ոլորտում իր հարուստ փորձով և խորը գիտելիքներով։ 

Դասընթացի առաջնային նպատակն էր օգնել շահառուներին բացահայտել նոր հնարավորություններ՝ արագ զարգացող զբոսաշրջության ոլորտում: Այդ նպատակից ելնելով՝ դասընթացը կենտրոնացած էր ոլորտում զբոսաշրջային պրոդուկցիայի զարգացման և սոցիալական մեդիայի օգտագործման արդյունավետ մեթոդների վրա։ Դասընթացի արդյունքում ԹԳՀԶԾ շահառուներն այժմ ավելի լավ են իրազեկված զբոսաշրջության ոլորտում միտումներից և ունեն անհրաժեշտ հմտություններ՝ իրենց բիզնեսի զարգացման համար։

Անհատական ​​հմտությունների զարգացումից բացի, դասընթացը նաև հարթակ էր՝ ԹԳՀԶԾ Վայոց ձորի շահառուների միջև համագործակցությունը խորացնելու համար: ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանի նախաձեռնությամբ անցկացվեցին ինտերակտիվ քննարկումներ՝ խթանելու շահառուների միջև բիզնես գաղափարների և փորձի փոխանակումը և մարզում ավելի ուժեղ ԹԳՀԶԾ համայնքի զարգացումը:

«Մենք ոչ միայն սովորեցինք կարևոր մեթոդներ՝ մեր տուրիստական պրոդուկտները զարգացնելու համար, այլ նաև հաստատեցինք ամուր կապ համայնքի այլ ձեռներեցների հետ։ Սա միանշանակ կնպաստի մեր բիզնեսների հաջողությանը և զարգացմանը»,-դասընթացի ավարտին նշեց Աղավնաձոր գյուղում հյուրատան սեփականատեր Ալվինա Ղազարյանը։

Հիմնադրվելով 2006 թ-ին՝ ՀԱՀ ԹԳՀԶԾ ծրագիրը շարունակում է հավատարիմ մնալ իր՝ մարզերում ձեռնարկատիրական ոգին բարձրացնելու և նոր բիզնես հնարավորություններ ստեղծելու հանձնառությանը՝ իր ազդեցությունը թողնելով անհատների և համայնքների կյանքում։ 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: 

Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։