Blog

, , ,

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ Վայոց ձորում բացվել է հյուրատուն

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել «Լեգենդ» հյուրատան բացման մասին։ Հայաստանի Վայոց ձորի Արտաբույնք գյուղում այս հյուրատան բացումը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրի (ԹԳՀԶԾ) կայուն ​​աջակցության շնորհիվ։ 

Կարեն Քարամյանի՝ «Լեգենդ» հյուրատուն ստեղծելու գաղափարը հարգանքի տուրք է իր պապիկին և տատիկին, ովքեր նրա մեջ սերմանել են հյուրընկալության արժեքները և պատգամել տան դուռը միշտ բաց պահել հյուրերի առջև։ Այս իմաստությամբ ոգեշնչված՝ Քարամյանը դիմել է ԹԳՀԶԾ, և, հաջողությամբ ավարտելով դասընթացը, կարողացել է կյանքի կոչել իր վաղեմի երազանքը: 

«Լեգենդ» հյուրատունը գտնվում է պատմական նշանակություն ունեցող Արտաբույնք գյուղում՝ Սմբատաբերդի ստորոտում, իսկ գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը։ Հյուրերին Կարեն Քարամյանն առաջարկում է ո’չ միայն բարձրակարգ սպասարկում և հյուրընկալություն, այլև՝ ճանաչողական քայլարշավներ՝ գյուղի և մոտակայքում գտնվող տեսարժան վայրերն ուսումնասիրելու նպատակով։ 

Հարկ է նշել, որ Կարեն Քարամյանը մասնակցել էր նաև ԹԳՀԶԾ կողմից իրականացված զբոսաշրջային արդյունքի և թվային վաճառքներին նվիրված դասընթացին։ ՀԱՀ հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարման վկայագրի ծրագրի տնօրեն Զարմինե Զեյթունցյանը, ով վարել էր դասընթացը, նույնպես ներկա էր հյուրատան բացման արարողությանը։

Բացման արարողությունը իսկական տոն էր Կարեն Քարամյանի հարազատների և ընկերների համար՝ համեմված հայկական ազգային պարերով և երաժշտությամբ։ Հյուրատան առաջին հյուրը, ով Շվեյցարիայից էր ժամանել, խորապես տպավորված էր հայկական հյուրասիրությամբ և միջոցառման ջերմ մթնոլորտով։ 

Բացման խոսքում արտահայտելով խորը երախտագիտությունը ԹԳՀԶԾ ծրագրին և իր նվիրյալ թիմին՝ Կարեն Քարամյանն ընդգծեց, որ իր բիզնեսը առաջին հերթին ներդրում է համայնքի և հայրենիքի զարգացման մեջ։ Բացման արարողության ժամանակ ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Վայոց ձորի ծրագրի ղեկավար Նարինե Բաբայանը իրենց հերթին վերահաստատեցին ձեռնարկատիրոջը կայուն աջակցելու հանձնառությունը՝ բիզնեսի հետագա զարգացման և ընդլայնման նպատակով։ 

 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։