Blog

, , ,

ԹԳՀԶԾ-ն աջակցում է երկու բիզնեսի ընդլայնմանը Տավուշի մարզում

ՏԱՎՈՒՇ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում երկու նոր բիզնեսի ընդլայնման մասին։ Այս բիզնես նախաձեռնությունները կյանքի են կոչվել ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կայուն ​​աջակցության շնորհիվ։

 

Ձեռնարկությունների պաշտոնական բացմանը ներկա էր ԹԳՀԶԾ Տավուշի թիմը՝ Հարություն Արմենյանի և Զորայր Կիրակոսյանի գլխավորությամբ։

 

Լյովա Հարությունյանը ԹԳՀԶԾ-ից ստացած աջակցության շնորհիվ զգալիորեն ընդլայնել է իր պեմզաբլոկի արտադրությունը։ Նրա արտադրամասն այժմ հագեցած է բարձրորակ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս շուկայում ներկայանալ միջազգային չափորոշիչներին համապատասխանող շինանյութով: Բիզնեսի ընդլայնումը մեծացրել է գործարանի արտադրական հզորությունը՝ թույլ տալով բավարարել աճող պահանջարկը, ինչպես նաև ստեղծել երկու լրացուցիչ աշխատատեղ:

 

Բացման օրը Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԹԳՀԶԾ-ին և ընդգծեց, որ իր բիզնեսի հիմնական շարժառիթը աշխատելն է՝ իմանալով, որ իր ստեղծած արտադրանքը ծառայելու է հայ ընտանիքներին, դառնա նրանց նոր կառուցվող տան կամ բիզնեսի հիմնաքարը։ Հարություն Արմենյանը ողջունեց նման մոտեցումը՝ ընդգծելով, որ ցանկացած բիզնես գաղափար պետք է խարսխված լինի բարձր բարոյական արժեքների վրա։ 

Հաջորդը Էդվարդ Եգանյանի՝ անասնակերի մշակման արտադրամասի բացումն էր՝ նույն համայնքում։ Եգանյանը և կինը՝ Մերի Անտոնյանը, իրենց նորարարական գաղափարն իրագործելու համար մասնակցել էին ԹԳՀԶԾ կազմակերպած դասընթացին, ինչպես նաև ստացել խորհրդատվություն, մասնագիտական և ֆինանսական աջակցություն։ Անասնակերի մշակման այս նոր սարքավորումը միակն է համայնքում, և թույլ կտա բարելավել անասնակերի չափաբաժինները և բաղադրությունը։ 

 

Բացման արարողության ժամանակ Եգանյանը իր երախտագիտությունը հայտնեց ԹԳՀԶԾ-ին՝ տեղի համայնքին անսասան աջակցության համար։ Նա նաև նշեց, որ իր ձեռնարկության շենքը կառուցվել է Լյովա Հարությունյանի կողմից արտադրված բլոկերով՝ ընդգծելով, որ ԹԳՀԶԾ-ն ոչ միայն աջակցում է անհատ ձեռներեցներին, այլ նաև ստեղծում է շահառուների կուռ համայնք։ Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ծրագրի մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և ծրագրի ղեկավար Սոս Վարդումյանը, ովքեր վերահաստատեցին ձեռներեցներին շարունակական աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։ 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։