Blog

, , , ,

ՀԱՀ ԹԳՀԶԾ աջակցությամբ Վայոց ձորի Արփի համայնքում բացվել է նոր բիզնես

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Արփի համայնքում «Մաթևոսյան տուն» գինու համտեսի սրահի և մառանի բացման մասին։ Վայոց ձորի գեղատեսիլ գյուղում այս համալիրի ընդլայնումը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրի (ԹԳՀԶԾ) կայուն ​​աջակցության շնորհիվ։ 

Սարգիս Մաթևոսյանի գինու համտեսի սրահի և մառանի բացման արարողությունը միավորել էր Արփի համայնքի, զբոսաշրջության ոլորտի, ինչպես նաև Վայոց ձորի ԹԳՀԶԾ ներկայացուցիչների՝ լայնորեն լուսաբանվելով տեղական լրատվամիջոցների կողմից։ Հայակական խոհանոցում իր մեծ վարպետությամբ և յուրահատուկ մատուցմամբ հայտնի խոհարարը տարիներ շարունակ համայնք է գրավել հարյուրավոր զբոսաշրջիկների, իսկ բիզնեսի ընդլայնումը այսուհետև կնպաստի նաև տեղական գինիների պատշաճ ներկայացմանը մարզի հյուրերին։ 

Բացման արարողության ժամանակ ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Վայոց ձորի ծրագրի ղեկավար Նարինե Բաբայանը ընդգծեցին այս բիզնես նախաձեռնության կարևորությունը համայնքի տնտեսական կյանքում։ Բիզնեսի ընդլայնման շնորհիվ արդեն իսկ ստեղծվել են վեց աշխատատեղեր։ Ավելին՝ այսպիսի ձեռնարկատերերին աջակցելով՝ ԹԳՀԶԾ-ն նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղի փոքր տնտեսությունների համար, որոնք այսուհետ կարող են իրենց պրոդուկտները ներկայացնել «Մաթևոսյան տուն» սրահում՝ ստեղծելով նոր բիզնես կապեր և հնարավորություններ։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։