Blog

, , , ,

ԹԳՀԶԾ բիզնես կառավարման հերթական դասընթացը հաջողությամբ ավարտվել է Տավուշում

ՏԱՎՈՒՇ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Տավուշի մարզում անցկացված հերթական բիզնես կառավարման դասընթացի հաջող ավարտի մասին: Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կողմից ՀԱՀ շարունակական կրթության և համայնքային զարգացման բաժնի հետ համատեղ Տավուշում իրականացված  բիզնես դասընթացի շնորհիվ 14 հաջողակ մասնակիցներ հնարավորություն ստացան ոլորտի մասին գիտելիքներ ձեռք բերել փորձառու մասնագետներից։

ԹԳՀԶԾ բիզնես դասընթացը ծրագրի առաքելության հիմնասյուներից մեկն է և դրա նպատակը Հայաստանի գյուղական համայնքներում ձեռներեցություն խթանումն է: Տավուշի ութ տարբեր, այդ թվում՝ սահմանամերձ գյուղական համայնքները ներկայացնող մասնակիցների բիզնես գաղափարները զանազան էին՝ հյուրատներ, կաթնամթերքի արտադրամասի հիմնում, ֆոտո ստուդիայի ընդլայնում և այլն։ Այդ է պատճառը, որ մասնակիցները հատկապես բարձր են գնահատել հմուտ մարզիչների ցուցաբերած անհատական մոտեցումը և բիզնեսի կառավարման, մարքեթինգի, ֆինանսների ոլորտում ստացած խորը տեսական և գործնական գիտելիքները։

Մեկամսյա դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր կողմից մշակված բիզնես ծրագիրը՝ ստանալով ավարտական հավաստագիր և ֆինանսական աջակցության հնարավորություն: Հատկանշական է, որ խմբում կար ԹԳՀԶԾ երրորդ անգամ դիմած մասնակից՝ գործող բիզնեսն ընդլայնելու գաղափարով, ինչը ևս մեկ անգամ վկայում է ծրագրի նկատմամբ շահառուների ունեցած մեծ վստահության մասին: 

Իր ելույթում ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Տավուշի թիմին՝ իրենց նվիրված  աշխատանքի համար, որով պայմանավորված էր դասընթացի հաջող ընթացքը, իսկ մասնակիցներին մաղթեց նորանոր ձեռքբերումներ՝ ընդգծելով կայուն աճի և նորարարության ներդրման կենսական նշանակությունը մարզում ձեռնարկատիրական միջավայրի զարգացման գործում։ 

 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։