Blog

,

Երկու նոր բիզնես Վայոց ձորի Արենի համայնքում

ԱՐԵՆԻ, Հայաստան – 2019թ.-ի մարտի 7-ին Վայոց ձորի Արենի համայնքում տեղի ունեցավ երկու նոր բիզնեսների՝ Մելանյա Սարգսյանի մանրածախ խանութի և Գառնիկ Սիսակյանի մսամթերքի խանութի պաշտոնական բացումը: Այս բիզնեսների հիմնումը հնարավոր դարձավ շնորհիվ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայքների զարգացման ծրագրի աջակցության:

Կին ձեռնարկատեր Մելանյան, ծրագրի մասին իմանալով, որոշեց դիմել ծրագրին և ընդլայնել իր փոքրիկ խանութը: Մելանյան հաջողությամբ ավարտեց ծրագրի կողմից տրամադրվող բիզնես դասընթացները, ներկայացրեց իր բիզնես ծրագիրը և ստացավ անհրաժեշտ աջակցությունն իր բիզնեսն ընդլայնելու համար:

Մելանյան իր խանութը տեղափոխեց ավելի ընդարձակ և լուսավոր տարածք՝ կահավորված բոլոր անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով: Այժմ խանութը գտնվում է մեծ հյուրանոցի հարևանությամբ և միջհամայնքային ճանապարհի վրա, ինչն էլ խանութն ավելի մրցունակ է դարձնում համայնքում: Բիզնեսը երկու նոր աշխատատեղ է ստեղծել Արենիում:

Այդ նույն օրը, Մելանյայի խանութից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, Թրփանճեան ծրագրի մեկ այլ շահառու՝ Գառնիկ Սիսակյանը, բացեց իր մսամթերքի խանութը:Մսագործության ոլորտում ութ տարվա փորձ ունեցող Գառնիկը  դիմել էր Թրփանճեան ծրագրին իր փոքր բիզնեսը բարելավելու և ընդլայնելու նպատակով: Այժմ նրա բիզնեսն ամբողջովին համապատասխանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բոլոր չափանիշներին:

Ծրագրի աջակցությամբ Գառնիկն իր խանութը տեղափոխեց իր սեփական, ավելի ընդարձակ և համապատասխան հարմարություններով հագեցած  տարածք: Նա գնեց անհրաժեշտ սարքավորումները հաճախորդներին բարձորակ և անվտանգ մսամթերքով ապահովելու համար: Գառնիկ Սիսակյանի ընդլայնված բիզնեսը երկու նոր աշխատատեղ կստեղծի համայնքում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: