Blog

,

ԹԳՀԶԾ-ն ամփոփում է ձեռնարկատիրության դասընթացները Հայաստանում և Արցախում

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) տեղեկացնում է, որ 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀԱՀ-ի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ) հաջողությամբ իրականացրեց և ավարտին հասցրեց ձեռնարկատիրական դասընթացներ Հայաստանի երեք մարզերում, ինչպես նաև Արցախում:

ԹԳՀԶԾ-ի նպատակն է նպաստել Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների կայուն տնտեսական զարգացմանը` ներկա կամ ապագա գործարարներին հնարավորություն ընձեռելով ձեռք բերել և բարձրացնել իրենց ձեռնարկատիրական հմտությունները և աջակցելով նրանց իրենց գյուղական բիզնեսի գործարկման կամ ընդլայնման գործում:

Իր առաքելությանը հավատարիմ` 2021 թ․-ի գարնանը ԹԳՀԶԾ-ն վերսկսեց և անցկացրեց  ձեռնարկատիրական դասընթացներ` Վայոց Ձորում, Տավուշում, Շիրակում և Արցախում: Ծրագիրը բաղկացած էր տասը դասընթացից, որոնց մասնակցելու հնարավորություն ստացան գյուղական համայնքների 48 բնակիչ: Մասնակիցները վերապատրաստվեցին ձեռներեցության, բիզնեսի պլանավորման և կառավարման ոլորտներում, ձեռք բերեցին համապատասխան կառավարման և շուկայավարման հմտություններ: Շրջանավարտները մեծ գոհունակություն հայտնեցին ծրագրից և հանձնառություն հայտնեցին իրականացնել իրենց բիզնես գաղափարները` բիզնես հիմնելով կամ ընդլայնելով իրենցը, և այդպիսով՝ փոփոխություն բերեն գյուղական համայնքներին: Դասընթացն ավարտվեց մասնակիցների բիզնես պլանի ներկայացմամբ` փորձագետների ժյուրիի առջև: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին ավարտական վկայականներով:

ԹԳՀԶԾ-ն խորապես հավատում է, որ այս դասընթացները, փոխանցված գիտելիքներից և հմտություններից վեր, նաև հասանելի տնտեսական հնարավորություններ են ստեղծում գյուղական վայրերում փոքր և միջին բիզնեսի ստեղծման և զարգացման համար: Այս ժամանակաշրջանում ծրագրի ազդեցությունն առավել զգալի է՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի բռնկման և վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տնտեսական և հումանիտար ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտ ջանքերը: Դասընթացի այս փուլի մասնակիցները ամուր վճռականություն հայտնեցին` իրենց ուժերի չափով անել ամեն ինչ իրենց  համայնքների վերականգնման և զարգացման գործընթացի համար:

ՀԱՀ-ի Թրպանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) առկա և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղ: Ծրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։