Blog

,

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ նոր բիզնես է բացվել Վայոց Ձորում

ՇԱՏԻՆ, Հայաստան – Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել, որ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) աջակցությամբ ևս մեկ նոր բիզնես հիմնվեց Վայոց ձորի Շատին գյուղում:

Վայոց Ձորի Շատին գյուղի բնակիչ, մասնագիտությամբ ուսուցիչ և տեղի դպրոցի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը, տեղեկանալով ԹԳՀԶԾ Եղեգնաձորի գրասենյակի ընձեռած հնարավորությունների մասին, հետաքրքրվեց գործարարությամբ և դիմեց ծրագրին: Խաչատրյանը մասնակցեց բիզնես կառավարման դասընթացին և հաջողությամբ այն ավարտելուց հետո Ֆինանսական աջակցություն ստացավ և իր բիզնես գաղափարը իրականություն դարձրեց՝ հիմնադրելով ավտոլվացման կետ: Այն մեքենաների լվացման միակ կետն է  երեքից  հինգ կիլոմետր շառավղով  և  գտնվում է Գեղարքունիքի մարզ տանող բանուկ մայրուղու վրա : Բիզնեսը կմատուցի  փոքր մեքենաների և միջին չափի բեռնատար մեքենաների լվացման, ինչպես նաև գորգերի մաքրման ծառայություններ:

«Եղեգիսը խոշորացված համայնք է, որը բաղկացած է 12 գյուղերից, և ես հավատում եմ, որ այս բիզնեսի բացումից մեր համայնքը մեծապես կշահի: Բիզնես հիմնելու գաղափարը դեռ անցյալ տարվանից եմ ունեցել: Երբ իմացա Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին,  մեծ ցանկություն ունեցա հայտ ներկայացնել և դառնալ ծրագրի մասնակից: Ծրագրի կրթական բաղադրիչը և հմտությունների վերապատրաստման դասընթացները բարձրացրեցին բիզնեսի կառավարման և շուկայավարման իմ ունակությունը : Ես շատ բան եմ սովորել և վճռական եմ հաջողության հասնելու հարցում: Ես նաև մեկ այլ նոր բիզնեսի գաղափար ունեմ՝ հյուրատուն հիմնադրելու (Հաց ու Կաց), և պլանավորում եմ դիմել ԹԳՀԶԾ-ին՝ 2022 թվականի գարնանը աջակցություն ստանալու  համար»,- նշում է Խաչատրյանը:

ՀԱՀ-ի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) առկա և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղ: Ծրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։