Blog

, , ,

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ Վայոց Ձորում բացվել է երեք նոր բիզնես

ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Հայաստանի ամերիկյան համալսարանը ուրախ է հայտնել Վայոց ձորի մարզում երեք նոր բիզնեսների բացման մասին, որը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) շնորհիվ։ Ծրագիրը շարունակական աջակցություն է ցուցաբերում մարզում ձեռներեցության զարգացմանը, ինչի արդյունքում հիմնվում են նոր բիզնեսներ և ստեղծվում աշխատատեղեր։

ՀԱՀ ԹԳՀԶԾ Վայոց ձորի թիմը՝ Հարություն Արմենյանի և Զորայր Կիրակոսյանի գլխավորությամբ, մասնակցեցին 2023 թվականի ապրիլի 25-ին կայացած բացման արարողություններին։

Ռուստամ Կարապետյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Պողոսյանի կողմից հիմնված պեմզաբլոկի արտադրության բացման արարողությունը իրական տոն էր ձեռնարկատիրոջ ընտանիքի, հարազատների, ընկերների և համագյուղացիների համար։ ՀԱՀ ԹԳՀԶԾ շահառուները հիմնել են իրենց բիզնեսը՝ մոտ ապագայում այն ​​ընդլայնելու հեռանկարով:

Արտադրությունը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիայով, ինչը հնարավոր է դարձնում մրցունակ արտադրանքի ստեղծումը։ Պեմզաբլոկի արտադրության հիմնման արդյունքում արդեն ստեղծվել է չորս նոր աշխատատեղ, ինչը գյուղի համար նշանակալի արդյունք է։

Լիլիթ Գրիգորյանը և Վարազդատ Ավագյանը նույն օրը Աղավնաձորում տոնեցին իրենց դարբնոցի՝  «Սոլիդ սթիլ Ավագյան՚ս» արհեստանոցի բացումը։ Արհեստանոցն իր հաճախորդներին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ լոֆթ ոճի կահույք և մետաղական իրերի պատրաստում: Բիզնեսի հիմնման գործում զույգը կայուն աջակցություն է ստացել ՀԱՀ ԹԳՀԶԾ ծրագրից։ 

«Շնորհակալ եմ ՀԱՀ ԹԳՀԶԾ անձնակազմին ոչ միայն ֆինանսական աջակցության, այլ նաև, որ  ամենակարևորն է՝ նրանց առաջնորդության և խրախուսանքի համար, առանց որի մենք չէինք կարողանա իրականացնել մեր երազանքը,»- բացման արարողության ժամանակ նշեց պարոն Ավագյանը։

Արհեստանոցի բացման շնորհիվ ստեղծվել է երկու աշխատատեղ։

Նույն օրը Վայոց ձորի Հորբատեղ համայնքում պաշտոնապես բացվեց նաև Ծովիկ Սահակյանի հյուրատունը (B&B): Տիկին Սահակյանը  ՀԱՀ ԹԳՀԶԾ  ծրագրի աշխատասեր և ճշտապահ շահառուներից է, իսկ նրա բիզնես գաղափարը ոգեշնչված է հայրենի համայնքի զբոսաշրջության զարգացմանը նպաստելու ցանկությամբ: B&B-ն գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա՝ հիասքանչ բնության գրկում՝Վարդենիսի լեռնաշղթայի անկրկնելի  տեսարանով: Հարմարավետ երկհարկանի փայտե տնակը հագեցած է մինչև չորս հյուր ընդունելու համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ 

Ծովիկ Սահակյանը բարձր է գնահատում ՀԱՀ ԹԳՀԶԾ-ի ներդրումը իր բիզնես գաղափարի իրագործման մեջ և հետագայում նախատեսում է այն ընդլայնել՝ կառուցելով նոր տնակներ։ 

Հիմնադրվելով 2006 թ-ին՝ ՀԱՀ ԹԳՀԶԾ ծրագիրը շարունակում է հավատարիմ մնալ իր՝ մարզերում ձեռնարկատիրական ոգին բարձրացնելու և նոր բիզնես հնարավորություններ ստեղծելու հանձնառությանը՝ իր ազդեցությունը թողնելով անհատների և համայնքների կյանքում։ 

 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: 

Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։