Blog

, ,

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ Տավուշում բացվել է հյուրատուն

ԳՈՇ, Հայաստան — Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել ՝ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) մշտական ​​աջակցությամբ Տավուշի մարզում նոր բիզնեսի հաջող մեկնարկի մասին:

Հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզի Գոշ գյուղում տեղի ունեցավ Ժիրայր Բաբինյանի հյուրատան (B&B) պաշտոնական բացումը, որին ներկա էին ձեռնարկատիրոջ ընտանիքը, հարազատները, ընկերները և համագյուղացիները:

Բաբինյանը ԹԳՀԶԾ ծրագրի աշխատասեր և ճշտապահ երիտասարդ մասնակիցներից էր: Նա ձգտում էր նոր և հեռանկարային բիզնես հիմնել Գոշում՝ իր հարազատ հողում։ Հիմնվելով դասընթացի ընթացքում յուրացրած բազմաթիվ գաղափարների վրա՝ ծրագրի ավարտին նա հաջողությամբ մշակեց բիզնես պլան և՝ ստեղծեց իր հյուրատունը՝ «SHALE HOUSE»-ը:

«SHALE HOUSE» հյուրատունը գտնվում է Գոշի անտառում՝ փարթամ, կանաչ լեռան գրկում։ Բաբինյանի խոսքով՝ իր գաղափարն էր նախագծել հանգստավայր, որը կլիներ արտաքին աշխարհից կտրված, գեղեցիկ ու խաղաղ միջավայրում, փոքրիկ, հարմարավետ երկհարկանի քարե տան մեջ՝ ներսում բուխարիով և բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Հյուրատունն աչքի է ընկնում իր գրավիչ և յուրահատուկ ոճով՝ փայտյա հատակներ, փայտյա ճոճաթոռ՝ բուխարու կողքին, և ներքին սանդուղք՝ դեպի ննջարան։ Հյուրատան առանձնահատկություններից մեկն էլ կահույքն է՝ պատրաստված Բաբինյանի ձեռքով: Ներդաշնակ մթնոլորտում տիրում է հայկական մշակույթն ու ոգին։

«SHALE HOUSE» հյուրատունը նախատեսված է առավելագույնը չորս հոգու կամ փոքր ընտանիքների համար: Բաբինյանի խոսքով՝ հյուրատանը կմատուցվի տեղի գյուղացիների արտադրած տնական սնունդը:

Բաբինյանը կարևորում է ԹԳՀԶԾ-ի դերն ու աջակցությունն իր բիզնեսի կայացման գործում։ Նրա խոսքով՝ դասընթացի տված գիտելիքները՝ ճիշտ պլանավորում, կանխատեսումներ, հաշվարկներ, իրեն թույլ են տվել իրականացնել իր ծրագիրը և ստեղծել երկու նոր աշխատատեղ Գոշում։ Որպես սոցիալապես պատասխանատու ձեռներեց՝ նա խստորեն հետևում է ծրագրի պահանջներին ու ուղեցույցներին։

ՀԱՀ-ի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում Շիրակի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի գյուղական  ամայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) առկա և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղ: Ծրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։