Blog

, , , ,

ՀԱՀ ԹԳՀԶԾ Շիրակում աջակցում է բիզնեսի ընդլայնմանը

ՇԻՐԱԿ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել Շիրակի մարզի Կամո գյուղում նոր խանութի բացման մասին։ Այս բիզնես նախաձեռնությունն իրագործվել է ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման (ԹԳՀԶԾ) ծրագրի աջակցությամբ։

Աիդա Խուրշուդյանի ձեռնարկության պաշտոնական բացումը իսկական տոն էր Կամո համայնքի համար, որի գրեթե բոլոր բնակիչները միացել էին արարողությանը։ Բացմանը ներկա էր նաև ԹԳՀԶԾ Շիրակի թիմը՝ Հարություն Արմենյանի և Զորայր Կիրակոսյանի գլխավորությամբ։

Աիդա Խուրշուդյանի խանութը սպառողին առաջարկում է ապրանքների լայն տեսականի․ թարմ մթերք, սպասք, անգամ՝ հագուստ և կենղացային այլ պարագաներ։ Սակայն այս հաջողակ բիզնեսն ունեցել է շատ ավելի համեստ սկիզբ, որի մասին վկայում է նոր խանութի կողքին գտնվող փոքրիկ կրպակը։ Դեռևս 2019 տիկին Խուրշուդյանը դիմել էր ԹԳՀԶԾ, որի շրջանակներում հիմնել էր կրպակը։ Ոգևորված ձեռնարկության հաջող մեկնարկով՝ տիկին Խուրշուդյանը կրկին դիմել էր ԹԳՀԶԾ, անցել վերապատրաստում և ընդլայնել ընտանեկան բիզնեսը։   

Բացման արարողության ժամանակ Հարություն Արմենյանն ընդգծեց այս ձեռնարկության կարևորությունը համայնքի համար՝ շեշտելով դրա առանցքային նշանակությունը գյուղի բնակիչների կյանքի որակի բարձրացման մեջ։ 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։