Blog

, , ,

ԹԳՀԶԾ Արենիում աջակցում է նոր բիզնեսի

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Արենի գյուղում նոր ավտոմեքենաների սպասարկման կետի բացման մասին։ Այս նախաձեռնությունն իրագործվել է Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման (ԹԳՀԶԾ) ծրագրի կայուն աջակցությամբ։

Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Սերյոժա Սիմոնյանի ավտոմեքենաների սպասարկման կետի բացման արարողությունը կարևոր իրադարձություն էր համայնքի բնակիչների համար։ Բիզնես նախաձեռնությունը մեքենաների սեփականատերերին առաջարկում է մի շարք ծառայություններ՝ սկսած յուղի փոխման կետից մինչև ավտոլվացում և անգամ՝ գորգերի մաքրման ծառայություններ, ինչը նորույթ է Արենի համայնքում։ ԹԳՀԶԾ բիզնես դասընթացի ճշտապահ և պատասխանատու մասնակից Սիմոնյանը երկրորդ անգամ է համագործակցել ծրագրի շրջանակներում։ Նրա առաջին բիզնես գաղափարը՝ մանրածախ խանութը, այժմ հաջողակ ձեռնարկություն է: Այս անգամ  ԹԳՀԶԾ աջակցությամբ նա կյանքի կոչեց նոր բիզնես գաղափարը մեկ տարում` ստեղծելով նոր աշխատատեղերի հնարավորություններ տեղի բնակիչների համար:

Բացման արարողության ժամանակ ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Վայոց ձորի ծրագրի ղեկավար Նարինե Բաբայանը շեշտեցին, որ Սիմոնյանի վճռականությունը և նվիրումը այս բիզնես ձեռնարկության հաջողության գրավականն էին և դրական ազդեցություն կունենան համայնքում ձեռնարկատիրության զարգացման վրա։

 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։