Blog

, , ,

ԹԳՀԶԾ բիզնես կառավարման նոր դասընթաց է իրականացրել Վայոց ձորում

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել վերջերս Վայոց ձորի մարզում անցկացված բիզնես կառավարման դասընթացի հաջող ավարտի մասին: Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կողմից ՀԱՀ Բաց կրթության հետ համատեղ իրականացված Վայոց ձորի հերթական բիզնես դասընթացի շնորհիվ 14 հաջողակ մասնակիցներ հնարավորություն ստացան ոլորտի մասին գիտելիքներ ձեռք բերել փորձառու մասնագետներից։

ԹԳՀԶԾ բիզնես դասընթացը ծրագրի առաքելության հիմնասյուներից մեկն է և դրա նպատակը Հայաստանի գյուղական համայնքներում ձեռներեցություն խթանումն է: Վայոց ձորի ութ տարբեր համայնքները ներկայացնող մասնակիցների բիզնես գաղափարները զանազան էին՝ հյուրատներ, զարդերի արտադրություն, կաշվի մշակման արհեստանոց և այլն։ Այդ է պատճառը, որ մասնակիցները հատկապես բարձր են գնահատել հմուտ մարզիչների ցուցաբերած անհատական մոտեցումը և բիզնեսի կառավարման, մարքեթինգի, ֆինանսների ոլորտում ստացած խորը տեսական և գործնական գիտելիքները։

Մեկամսյա դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր բիզնես ծրագիրը՝ ստանալով ավարտական հավաստագիր և ֆինանսական աջակցության հնարավորություն: Հատկանշական է, որ խմբի մի քանի մասնակիցներ երկրորդ անգամ էին մասնակցում դասընթացին՝ ներկայանալով նոր բիզնես ծրագրերով: Բացի այդ, նախորդ դասընթացների հաջողակ ձեռներեցներից մի քանիսը նույնպես ներկա էին ավարտական դասին՝ կիսելու իրենց փորձը ոլորտում և ընդգծելով ԹԳՀԶԾ անփոխարինելի դերը ձեռներեցության ոլորտում իրենց նպատակների իրագործման մեջ։ 

Իր ելույթում ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի թիմին՝ իրենց նվիրված և անխոնջ աշխատանքի համար, որով պայմանավորված էր դասընթացի հաջող ընթացքը, իսկ մասնակիցներին մաղթեց նորանոր ձեռքբերումներ՝ ընդգծելով կայուն աճի և նորարարության ներդրման կենսական նշանակությունը մարզում ձեռնարկատիրական միջավայրի զարգացման գործում։ 

 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։