Blog

, , ,

ԹԳՀԶԾ աջակցությամբ սահմանակից գյուղում բացվել է նոր բիզնես

 

ՏԱՎՈՒՇ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում նոր ավտոսպասարկման կետի բացման մասին։ Այս բիզնես նախաձեռնությունն իրագործվել է ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կայուն աջակցության շնորհիվ։

Արման Ղազարյանի ձեռնարկության պաշտոնական բացումը իսկական տոն էր Ազատամուտ համայնքի համար, որի բնակիչներից շատերը միացել էին արարողությանը։ Բացմանը ներկա էր նաև ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Տավուշի թիմի ղեկավար Սոս Վարդումյանը։

Սահմանակից Ազատամուտ գյուղում Ղազարյանի ձեռնարկությունը նշանակալից ներդրում է համայնքի բիզնես ոլորտը զարգացնելու գործում։ Ավտոսպասարկման կետը միակն է տարածքում և սպասարկման բարձր որակով նոր մշակույթ է ներմուծելու համայնքում։ Ծրագրի այս հաջողությունը պայմանավորված է ԹԳՀԶԾ կայուն աջակցությամբ և Ղազարյանի մեծ նվիրումով։ Հատկանշական է, որ ծրագրով նախատեսված ողջ շինարարական աշխատանքներն իրականցվել են հենց շահառուի կողմից։  

Բացման արարողության ժամանակ Զորայր Կիրակոսյանն ընդգծեց սահմանակից Ազատամուտ գյուղում այս ձեռնարկության ռազմավարական կարևորությունն ու ներուժը՝ զարգացնելու գյուղի տնտեսությունը և բարելավելու բնակիչների կենսամակարդակը։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում և Վրատանի Սամցխե-Ջավախեթի  շրջանում գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։