Blog

, , ,

ԹԳՀԶԾ բիզնես կառավարման հերթական դասընթացը հաջողությամբ ավարտվել է Վայոց ձորում

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Վայոց ձորի մարզում անցկացված հերթական բիզնես կառավարման դասընթացի հաջող ավարտի մասին: Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կողմից ՀԱՀ շարունակական կրթության և համայնքային զարգացման բաժնի հետ համատեղ Վայոց ձորի իրականացված 16-րդ բիզնես դասընթացի շնորհիվ 14 հաջողակ մասնակիցներ հնարավորություն ստացան ոլորտի մասին գիտելիքներ ձեռք բերել առաջատար մասնագետներից։

ԹԳՀԶԾ բիզնես դասընթացը ծրագրի հիմնասյուներից մեկն է՝ նպատակաուղղված Հայաստանի գյուղական համայնքներում ձեռներեցություն խթանմանը: Վայոց ձորի 11 տարբեր գյուղական համայնքները ներկայացնող մասնակիցների բիզնես գաղափարները զանազան էին՝ փայտի մշակումից մինչև հյութի արտադրություն և գինու համտեսի սրահի հիմնում։ Հատկանշական է, որ դասընթացի մասնակիցներից չորսը ծրագրին էին դիմել երկրորդ անգամ՝ գործող բիզնեսն ընդլայնելու կամ նոր բիզնես գաղափարով, ինչը ևս մեկ անգամ վկայում է ծրագրի նկատմամբ շահառուների ունեցած մեծ վստահության մասին:

Դասընթացի վերջին օրը յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր կողմից մշակված բիզնես ծրագիրը՝ ստանալով ավարտական հավաստագիր և ֆինանսական աջակցության հնարավորություն: Մասնակիցները հատկապես բարձր են գնահատել հմուտ դասընթացավարների ցուցաբերած անհատական մոտեցումը և բիզնեսի կառավարման, մարքեթինգի, ֆինանսների ոլորտում ստացած խորը տեսական և գործնական գիտելիքները։ Ավելին՝ ԹԳՀԶԾ դասընթացները նաև հրաշալի հնարավարություն են Վայոց ձորի համայնքում նոր բիզնես կապերի ստեղծման և համագործակցության ընդլայնման համար, ինչի հեռանկարների շուրջ նույնպես ծավալվել է լայն քննարկում։ 

Իր ելույթում ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի թիմին՝ իրենց նվիրված  աշխատանքի համար, որով մեծապես պայմանավորված էր դասընթացի հաջող ընթացքը, իսկ մասնակիցներին մաղթեց նորանոր ձեռքբերումներ՝ ընդգծելով կայուն աճի և նորարարության ներդրման կենսական նշանակությունը մարզում ձեռնարկատիրական միջավայրի բարելավման գործում։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։